Գյուղն օդում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղն օդում ֆր.՝ Le Village aérien | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1896 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Երկրորդ հայրենիք |
Հաջորդ | Ժան Մարի Կաբիդուլենի պատմությունները |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1901 |
The Village in the Treetops Վիքիպահեստում |
«Գյուղն օդում» (ֆր.՝ Le Village aérien կամ La Grande Forêt), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ և արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1896 թվականի հունվարի 29-ից մինչ ապրիլի 30-ը։ Առաջին անգամ հրատարակվել է Էտցելի «Magasin d'éducation et de récréation» ամսագրում 1901 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը։ Այն կազմել է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի քառասունութերորդ «երկակի» հատորի կազմի մեջ՝ «Ժան Մարի Կաբիդուլինի պատմությունը» վեպի հետ, որը հրատարակվել է 1901 թվականի նոյեմբերի 21-ին։ Վեպը խթանում է Դարվինի էվոլյուցիոն տեսությունը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի գործողությունները ծավալվում են Աֆրիկայում՝ այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (նախկին Զաիր) և Կոնգոյի Հանրապետության (վեպի գործողությունների ժամանակ համապատասխանաբար բելգիական և ֆրանսիական գաղութներ) տարածքում՝ ХIХ դարի ամենավերջում։ 1896 թվականին դոկտոր Յոխաուզենը՝ բժիշկ և կենսաբան, մեծ մարդասեր, այնուամենայնիվ, որոշակի շրջաններում, և ոչ անհիմն, համարվում էր խելագար, ուղևորվում է գիտական արշավախմբի՝ Աֆրիկայի խորքերը, նպատակ ունենալով ուսումնասիրել հոմինիդ կապիկներին և ջունգլիներում անհետ կորչում է։ Նրան փորձում են գտնել, բայց անարդյունք, և, վերջ ի վերջո, նրան համարում են անհետ կորած։
Երեք տարի անց՝ 1899 թվականին, երկու երիտասարդներ՝ ֆրանսիացի Մաքս Հյուբերը և ամերիկացի Ջոն Կորտը, որը ծառայում է ֆրանսիական գաղութներում առևտուր կազմակերպող առևտրական գործակալությունում, որոշում են ուղևորվել ֆրանսիական Կոնգոյի արևելյան մասում գտնվող սաֆարի։ Նրանց հետ միասին ուղևորվում են շրջագայությունը կազմակերպող պորտուգալացի Ուրդակսը և ուղեկցորդ Քամիսը։ Ուղևորությունը ստացվում է բավականին հաջող՝ նրանց հաջողվում է հավաքել հարուստ ավար և նրանք վերադառնում են Լիբրևիլ։ Ուղևորության ընթացքում նրանց հաջողվում է ստրկավաճառների մոտից ետ գնել փոքրիկ երեխա Լլանգուին և նա նույնպես նրանց հետ ուղևորվում է Լիբրևիլ։ Երբ մինչ քաղաքը մնում էր մեկ ամսից ոչ ավել ժամանակ ճանապարհ, ճանապարհորդները տարօրինակ կրակներ են նկատում ջունգլիների մթության մեջ։ Մտածելով, որ իրենց վրա հարձակվել են վայրենիները, նրանք զինվում են և պատրաստվում են հակահարված տալ, բայց ոչ մի վայրենի չի հայտնաբերվում։ Հանկարծակի նրանց ճամբարի վրա հարձակվում է փղերի խումբը։ Ջոնը, Մաքսը, Քամիսը և Լլանգան փրկվում են փախուստով՝ փղերից թաքնվելով ջունգլիներում, բայց Ուրդակսը զոհվում է։ Նրա հետ միաժամանակ ոչնչանում է նաև նրանց ֆուրգոնը՝ ամբողջ ավարով և մթերքի մեծ մասով։ Հայտնվելով անտառում ճանապարհորդները որոշում են այն անցնել ուղիղ ճանապարհով։ Չնայած նրան, որ այդ ուղին դժվար է և վտանգավոր, ուրիշ ելք նրանք չունեն և նրանք ճանապարհ են ընկնում։
Երկարատև, դժվար և վտանգավոր անցումից հետո նրանք դուրս են գալիս գետի ափը և, դատելով նրա հոսքի ուղղությունից, գալիս են այն եզրակացության, որ դա Ուբանգի գետի վտակն է, որը, իր հերթին, հանդիսանում է Կոնգո գետի վտակը, և որոշում են լողալ այդ գետով։ Նրա ափին նրանք հայտնաբերում են լքված խրճիթ և պարզում են, որ այդ հյուղակը երեք տարի առաջ անհայտացած դոկտոր Յոխաուզենին է, բայց իրեն պրոֆեսորին այնտեղ չեն գտնում։ Մակայն նրանք գտնում են նրա օրագիրը և այնտեղի գրություններից պարզում են, որ Յոխաուզենը ապրել է այստեղ մինչև 1896 թվականի ամռան վերջը։ Մաքսը և Ջոնը՝ Լիբրևիլ վերադառնալուց հետո, որոշում են կազմակերպել արշավախումբ՝ պրոֆեսորին գտնելու համար և նրա պատվին այն գետակով, որով նրանք պետք է լողան, անվանում են Յոխաուզենի գետակ։
Ընկերները լաստ են կառուցում և ուղևորվում են նավարկության։ Ճանապարհին նրանք փրկում են խեղդվող կապիկի, բայց Լլոնգան պնդում է, որ դա կապիկ չէ, այլ մարդկային երեխա։ Լաստը՝ ճանապարհորդների հետ միասին, անսպասելի, նավաբեկության է ենթարկվում ջրվեժի մոտ։ Բարեբախտաբար ճանապարհորդները ողջ են մնում բայց կորցնում են լաստը, համարյա ամբողջ զինամթերքը և սնունդը, ինչպես նաև Լլոնգային։ Մնալով առանց լաստի նրանք ստիպված են ջունգլիի միջով առաջ շարժվել ոտքով՝ բայց չունենալով քարտեզ, դուրս են գալիս մի տարօրինակ գյուղակի մոտ՝ տեղակայված փայտե հարթակի վրա՝ որը գտնվում է բարձր ծառերի վրա։ Տեղաբնակները նրանց գերի են վերցնում և ուժով տանում են իրենց մոտ։
Ճանապարհորդները ծանոթանում են տեղի բնակիչների հետ։ Պարզվում է, որ գյուղը բնակեցված է ջունգլիների խորքում հրաշքով պահպանված նեանդերթալցիների ցեղով։ Հենց այստեղ՝ գյուղում, նրանք հանդիպում են Լլանգային, որին, ինչպես պարզվում է, փրկել են նախնադարյան մարդիկ։ Լլանգան նրանց ծանոթացնում է իր նոր ընկերների հետ՝ «կապիկի», որը իրականում պարզվում է նեանդերթալյան երեխա է և նրա ծնողների, որոնք և դառնում են նաև իրենց ընկերները։ Ճանապարհորդները նախնադարյան մարդկանց մոտ անց են կացնում երեք շաբաթ, ընդ որում ապրում են հարգանք վայելող գերիների կարգավիճակում՝ նրանց չեն հսկում և թույլատրում են ազատ տեղաշարժվել ամբողջ գյուղով մեկ, բայց չեն թույլատրում իջնել պարանե սանդուղքով, որը գյուղակը կապում է շրջապատող աշխարհի հետ և նույնիսկ իրենց հետ որսորդության չեն տանում։ Այդ ժամանակաընթացքում նրանք հասցնում են ծանոթանալ այդ մարդկանց, նրանց գյուղակի և մշակույթի հետ։ Պարզվում է, որ նեանդերթալցիները այնքան էլ պրիմիտիվ չեն՝ նրանք տիրապետում են զվացմունքներին և մտքին, ստեղծում են պրիմիտիվ հագուստ, կարողանում են խոսել, մեկը մյուսին անվանում են անունով, ծանոթ են ընտանիք հասկացության հետ, կարողանում են կրակ հայթայթել և կերակուր պատրաստել, պրիմիտիվ զենք և աշխատանքային գործիքներ են պատրաստում, որսորդություն են անում, ձուկ են որսում, կարողանում են նավակ պատրաստել, ըստ երևույթին, ծանոթ են պատերազմ հասկացության հետ, ունեն սովորություններ և ավանդույթներ, գիտակցում են իրենց որպես ժողովուրդ, իսկ իրենց բնակավայրը որպես գյուղակ, իրենք իրենց անվանում են «վագդի», իսկ իրենց գյուղակը՝ «Նգալա»։ Գյուղի կենտրոնում ճանապարհորդները հայտնեբերում են մեծ խրճիթ և իմանում են, որ այնտեղ ապրում է առաջնորդը։ Նրանք որոշում են զրուցել նրա հետ, բայց պարզվում է, որ հասարակ մահկանացուներին (որոնց, ըստ նեանդերթալցիների տեսանկյունի վերաբերվում են ճանապարհորդները) արգելվում է այնտեղ մուտք գործել։
Շուտով գյուղակում մեծ տոնախմբություն է սկսվում։ Ճանապարհորդներին լուրեր են հասնում, որ այդ տոնախմբությանը ներկա է լինելու նաև առաջնորդը և նրանք որոշում են ներկա գտնվել դրան։ Տոնախմբությունը երկար է շարունակվում և ճանապարհորդները արդեն հոգնում են սպասելուց, երբ տոնախմբության հենց վերջում առաջնորդը որոշում է ներկայանալ իր հպատակների առջև։ Առաջնորդին տեսնելով ճանապարհորդները զարմանում են, քանի որ, դա ոչ այլ ոք է եթե ոչ հենց ինքը՝ դոկտոր Յոխաուզենը։ Ընկերները որոշում են խոսել նրա հետ և հենց այդ գիշեր՝ օգտվելով, որ պահակները հարբած են, սողոսկում են նրա խրճիթը։ Այստեղ նրանք իրոք գտնում են պրոֆեսորին, բայց պարզվում է որ նա ջունգլիներում ապրելու ժամանակ ամբողջովին խելագարվել է։ Հանկարծակի տագնապ է բարձրանում, բայց ընկերներին՝ Լլանգայի ընկերոջ ընտանիքի օգնությամբ, հաջողվում է փախչել և նեանդերթալցիներից փախցնելով նրանց նավակը, նրանք հասնում են ֆրանսիական գաղութի սահմանին։ Սակայն նրանց չի հաջողվում իրենց հետ բերել ոչ մի ապացույց այն բանի, որ նրանք եղել են վագդիների մոտ և, հետևաբար, ոչինչ չկա ապացուցող, որ նրանք գտել են դոկտոր Յոխաուզենին։
Նկարազարդումներ գրքից
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://jv.gilead.org.il/zydorczak/village00.htm (չաշխատող հղում) Վեպի ֆրանսերեն տարբերակը
- Նկարազարդումների օրիգինալները. Արխիվացված 2014-12-25 Wayback Machine
- Տեքստը իսպաներեն. Արխիվացված 2012-02-05 Wayback Machine
- Տեքստը իսպաներենով E-book–ում(չաշխատող հղում)
- Sobre la novela "Viaje al centro del Verne desconocido".–ում
- Texto francés Վիքիդարան–ում.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղն օդում» հոդվածին։ |